Jump to content

Ջեֆերսոնի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հուշահամալիր
Ջեֆերսոնի հուշահամալիր
անգլ.՝ Jefferson Memorial
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նախագծի հեղինակՋոն Պոուպ
Շինարարության սկիզբ1938
Շինարարության վերջ1943
Հիմնական թվականներ՝1943
🌐nps.gov/thje/index.htm(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ջեֆերսոնի հուշահամալիր (անգլ.՝ Jefferson Memorial), հուշահամալիր՝ հվիրված ԱՄՆ-ի երրորդ նախագահ, ԱՄՆ-ի հիմնադիր հայր Թոմաս Ջեֆերսոնին։ Գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հուշահամալիրը նախագծել է Ջոն Պոուպը, կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով։ Շինարարությունը սկսվել է 1939 թվականին, ավարտվել 1943 թվականին։ Ավելի ուշ՝ 1947 թվականին, համալիրում կանգնեցրել են նախագահի բրոնզե քանդակը[1]։

Հուշահամալիրը գտնվում է ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության ենթակայության ներքո։ 2004 թվականին Ճարտարապետների ամերիկյան ինստիուտի ամերիկյան ամենասիրված 150 կառույցների ցանկում է հայտնվել[2]։

Թոմաս Ջեֆերսոնի արձանը հուշահամալիրի կենտրոնում

Հուշահամալիրի պատմությունը սկսվում է 1901 թվականից, երբ Կոնգրեսի հիմնադրած հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր այգիների հարցերով, առաջարկել է ինչ-որ հուշարձան կառուցել ներկայիս հուշահամալիրի տեղում, սակայն Կոնգրեսը այդ հարցով որոշում չի կայացրել[1]։

1934 թվականին՝ Ֆրանկլին Ռուզվելտի «լոբբիից» հետո, ով Թոմաս Ջեֆերսոնի ջերմ համակիրներից է եղել, ինչպես նաև կոնգրեսմեն Ջոն. Ջ. Բոյլանի ջանքերով Կոնգրեսի հանձնաժողովը որոշել է երեք միլիոն դոլար ներդնել ԱՄՆ-ի երրորդ նախագահի հուշահամալիրի կառուցման համար[1]։ Հանձնաժողովի անդամները 1935 թվականին Ջոն Պոուպին հաստատել են նախագծի ճարտարապետ։ Նա հայտնի էր նաև ԱՄՆ-ի ազգային արխիվի, ինչպես նաև Արվեստի ազգային պատկերասրահի արևմտյան մասնաշենքի իր նախագծերով։ Պոուպը նախագծել էր հուշահամալիրի չորս տարբեր պլաններ։ Առաջին պլանի համաձայն՝ հուշահամալիրը պետք է գտնվեր Անակոստիա գետի վերջին հատվածի հարևանությամբ՝ Արևմտյան Կապիտոլիումի փողոցի վերջում, երկրորդ պլանով այն պետք է գտնվեր Լինքոլն պարկում։ Երրորդ նախագծով հուշահամալիր նախատեսվում էր կառուցել ԱՄՆ-ի ազգային արխիվի շենքի դիմաց՝ Ազգային ծառուղու հարավային հատվածում, իսկ չորրորդ տարբերակով՝ Սպիտակ տնից հարավ։ Հանձնաժողովը նախապատվությունը տվել է վերջին տարբերակին հիմնականում այն պատճառով, որ դա նշված բոլոր տեղերից ամենից աչքի ընկնողն էր, և հուշահամալիրով ավարտին կհասցվեր ճարտարապետական չորս օբյեկտների (Սպիտակ տուն, Կապիտոլիում, Լինքոլնի հուշահամալիր) ամբողջությունը, որը ձևավորում էր քառանկյուն։

Հուշահամալիրի կառուցումը սկսվել է 1938 թվականի դեկտեմբերի 15-ին, անկյունաքարը դրվել է 1939 թվականի նոյեմբերի 15-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից։ Այն բանից հետո, երբ 1937 թվականին մահացել է Ջոն Պոուպը, շինարարության ղեկավարումը ստանձնել է Eggers & Higgins ընկերությունը, ընդ որում հուշահամալիրի դիզայնը հանձնաժողովի կողմից փոփոխվել է՝ ձեռք բերելով ավելի պահպանողական բնույթ։

1939 թվականին հանձնաժողովը մրցույթ է անցկացրել, որպեսզի քանդակագործ ընտրի նախագահ Ջեֆերսոնի՝ հուշահամալիրի կենտրոնում տեղադրվելիք քանդակի համար, որի արդյունքում ընտրվել է Ռուդոլֆ Էվանսի տարբերակը[1]։

Հուշահամալիրի հանդիսավոր բացումը կայացել է 1943 թվականին ապրիլի 13-ին։ Բացմանը ներկա է եղել նախագահ Թոմաս Ջեֆերսոնը։ Այդ ժամանակ քանդակը դեռևս ավարտին չէր հասցվել. այն վերջնակապես պատրաստ է եղել և տեղադրվել 1947 թվականին։

Հուշահամալիրը 1966 թվականի հոկտեմբերի 15-ից ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Documentation of the Jefferson Memorial». Библиотека Конгресса (անգլերեն). 1994 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  2. «America's Favorite Architecture». American Institute of Architecture. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  3. Donald C. Pfanz (1981 թ․ հունվարի 12). «National Register of Historic Places Inventory-Nomination: Thomas Jefferson Memorial» (PDF) (անգլերեն). National Park Service. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆերսոնի հուշահամալիր» հոդվածին։